Դպրոցի տարեգրությունը

Չորրորդ դարի վերջերից սկսած Սյունաց նահանգի մայրաքաղաք  Շաղատում կենտրոնանում է գավառի բարձր իշխանությունը, մետրոպոլիտությունը և նորաստեղծ հոգևոր բարձր տիպի դպրոցը, որը կոչվում է Վարդապետարան, ավելի ուշ՝ ռաբունարան, ուսումնարան, իսկ հետագայում՝ համալսարան: Դպրոց էին ընդունվում ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ: Սովորում էին փիլիսոփայություն, բնագիտություն, թվաբանություն, քերականություն, հռետորություն, տոմարագիտություն, քերթողություն, երաժծտություն և այլ գիտություններ: Մինչև 20-րդ դարի սկիզբն այլևս տեղեկություններ չկան դպրոցի մասին: Գիտենք, որ 1907թ. Չարչոնց նահապետ Արմենակ Աբգարյանի եռանդուն ջանքերի շնորհիվ հիմնադրվեց ծխական դպրոցը: Պարապմունքներն անց էին կացվում բնակիչների անձնական բնակարաններում:Երկդասյա դպրոցը շահագործվել է 1909թ.: 1908թ. շաղատեցիներն իրենց միջոցներով կառուցել են դպրոցի շենք: Դպրոցը տալիս էր տարրական կրթություն: Տղաներն ու աղջիկները սովորում էին միասին: Խորհրդային կարգերի հաստատումից հետո 1922թ. սովորողների ուսուցումը դարձավ անվճար: Կիրառության մեջ մտավ  պարտադիր տարրական կրթության մասին օրենքը: 1930-1933թթ. գործող դպրոցին կից կառուցվեցին անշուք, հողածածկ տանիքով երկու դասասենյակ՝ յոթնամյա դպրոցը: 1960թ. դպրոցը դառնում է ութնամյա, որտեղ սովորում են նաև Բալաք գյուղի երեխաները: Որոշվում է կառուցել դպրոցական նոր շենք, սակայն կառուցվում է դրա մրիայն մի մասը՝ չորս հարմարավետ դասասենյակներով:                  1961թ. կրթօջախն ստանում է միջնակարգ դպրոցի կարգավիճակ: 1982թ. շահագործման է հանձնվում մարզադահլիճով, արհեստանոցով, ճաշարանով, լաբորատոր սարքավորումներով կահավորված երկհարկանի տուֆակերտ դպրոցական նոր շենք: Շաղաթի դպրոցն իր գոյության 110 տարիների ընթացքում մեր երկրին տվել է բազմաթիվ ճանաչված, շնորհալի գիտնականներ, բժիշկներ, ինժեներներ, արվեստի գործիչներ, ղեկավար աշխատողներ, արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության առաջավորներ, բանաստեղծներ: